Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ի՞նչ է անմահությունը

00.00.0000 | 00:00

Ավագ քահանա Վալենտին ՍՎԵՆՑԻՑԿԻ

(1882-1931)


(սկիզբը` նախորդ համարում)


ԱՆՀԱՅՏ- Այս ամենն այնքան բարդ է, այնքան վերացական և այնքան դժվար է ընդունել։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Անհավատության պարզությունը թվացյալ է։ Անհավատ մարդիկ անբարեխղճորեն են վարվում։ Նրանք ժխտում են անմահությունն ու դրանով ազատում են իրենց այն բարոյական պայմաններից, որոնք դնում է մարդու վրա կրոնը։ Անհավատությունն ազատություն է տալիս կրքերի բավարարման մեջ, և անզուսպ եսասիրությունը դառնում է գլխավոր շարժիչ ուժ։ Սակայն ազատելով ճանապարհը եսասիրական կյանքի համար, նրանք միաժամանակ չեն ցանկանում կատարել բոլոր եզրակացությունները, որոնք պայմանավորված են նրանց անհավատությամբ։ Եթե նրանք բարեխղճորեն կատարեին այդ հետևությունները, կստացվեր այնպիսի սարսափ, որ նրանց համար չէր մնա որևէ այլ ելք, եթե ոչ փախչել սեփական անհավատությունից և հուսահատությունից, փրկություն փնտրել կրոնի մեջ։ Դրա փոխարեն նրանք նախընտրում են կոպիտ ինքնախաբեությունը։ Նրանք շարունակում են օգտագործել բառեր, որոնք իրենց շուրթերով արտասանած բոլորովին անիմաստ են` «ազատությունը», «չարը», «բարին», «կյանքի նպատակը», և այդ բառերով իրենք իրենց փրկում են անհավատության անխուսափելի հետևությունների սարսափից։ Բայց այդ բառերն օտար են։ Միայն կրոնն է նրանց իսկական բովանդակություն հաղորդում։ Ինքնախաբեություն, որը ճարպիկ է, շատ հարմար, սակայն ոչ ամուր։ Հրաժարվելով կրոնից, որովհետև այդպես ավելի հարմար է, ու փոխ առնելով նրանից բառեր, որոնց վրա չունի իրավունք (որովհետև դա նույնպես ավելի հարմար է), անհավատությունը չի կարող բավարարել մարդկային խիղճը։ Նա անպայմանորեն կասի այն, ինչը ասացիր դու` ես զգում եմ կամքի ազատությունը։ ՈՒրեմն, մարդն իր չէ։ Ես զգում եմ բարու և չարի տարբերությունը։ ՈՒրեմն կա մի այլ, ոչ նյութական աշխարհ։ Ես զգում եմ կյանքի իմաստը։ ՈՒրեմն անհավատությունը սուտ է։ Առօրեական տարրական բանականության բռնության դեմ ըմբոստանում է մեր անմահ հոգին և խղճին դրդում փնտրելու ճշմարտությունը։ Ոչ թե բանականությունը, այլ ինքը հոգին գիտե և ազատության խորհրդավոր անըմբռնելի էությունը, և չարի ու բարու արմատական տարբերությունը, և մարդկային կյանքի բարձրագույն, հավիտենական իմաստը։ Դրա համար էլ կարելի է հաստատ ասել, որ բարեխիղճ անհավատությունը միշտ տանում է դեպի հավատ։

ԱՆՀԱՅՏ- Իսկ եթե ավելի հեշտ լինի ընդունել սարսափը, քան հավա՞տը։ Դու կարո՞ղ ես համոզել ինձ, որ «ազատությունը», «բարին» ու «չարը», «կյանքի իմաստը» օտար բառեր են, և հարկավոր է ընտրել կամ լիովին հրաժարվել այդ բառերից։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ես չեմ կարող համոզել քեզ ու վերջ։

ԱՆՀԱՅՏ- Ինչո՞ւ։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Մի իմաստուն մարդ ասել է, որ կատարյալ ճշմարտությունն ու բացարձակ անհեթեթությունը հավասարապես ապացույցներ չեն պահանջում։

ԱՆՀԱՅՏ- Ինչպե՞ս չեն պահանջում։ Հետևությունները, որոնց դու հանգում ես քո դատողությունների արդյունքում, ահավոր են։ Քո դատողությունները մարդուն կարող են հանգեցնել այսպիսի անհույս եզրակացության` բացի նյութից, ոչինչ գոյություն չունի։ Ես համոզված եմ դրանում։ Հետևապես, մարդն ավտոմատ է, բարին ու չարը գոյություն չունեն, և մարդկային կյանքը ոչ մի իմաստ չունի։ Դա սարսափելի է։ Բայց թող այդպես լինի։ Եթե այդ եզրակացություններն անխուսափելի են, ես ընդունում եմ և դրանք։ Ի՞նչ կարող ես դու ասել այդպիսի մարդուն` պաշտպանելով հավատը։ Ինչո՞վ կհերքես նրա անհավատությունը։ Մի՞թե, քո կարծիքով, այդպիսի մարդու հետ պարզապես չարժե խոսել։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ոչ, դու չհասկացար ինձ։ Վերջին հաշվով հավատն ու անհավատությունը տրամաբանորեն անապացուցելի են հավասարապես։ Ի՞նչ կարող է անել տրամաբանությունը։ Այն կարող է բացահայտել հիմնական առաջադրույթի սուտը, ցույց տալով, թե ինչպիսի անհեթեթ եզրակացությունների է բերում այդ սուտ առաջադրույթը։ Սակայն եթե մարդն ավելի շուտ պատրաստ է ընդունելու բացահայտ անհեթեթ հետևությունները, քան հրաժարվելու այդ նախադրյալից, այստեղ տրամաբանությունն անզոր է։ Այդպիսի մարդուն կարելի է օգնել այլ ճանապարհով։ Նրան պետք չէ ապացուցել, այլ հարկավոր է բացել ճշմարտության դրական բովանդակությունը։ ՈՒ եթե անմիջական զգացումը հուշի նրան, որ դա իսկապես ճշմարտություն է, նա կընդունի այն։

ԱՆՀԱՅՏ- Ինչպիսի՞ մեթոդ ես նախընտրելու իմ պարագայում։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Խոսելով անմահության մասին` ես օգտվում էի տրամաբանական մեթոդից, որովհետև դու խոստացար ինձ բացահայտ անհեթեթ հետևությունների դեպքում մնալ հավատարիմ սեփական համոզմունքներին` կամքի ազատության, բարու և չարի ու կյանքի իմաստի մասին, և հրաժարվել չհավատալուց անմահությանը որպես հիմնական առաջադրույթի։ Իսկ ինչ վերաբերում է մեր բոլոր զրույցներին իրենց ամբողջության մեջ, ես հուսով եմ, որ նրանք կտան այն, ինչը ձեռք է բերվում երկրորդ մեթոդով, այսինքն` բացում են քո առաջ ճշմարտության բովանդակությունը։ Սակայն դա վերաբերում է ապագային։ Իսկ հիմա վերադառնանք մեր դատողություններին և հանրագումարի բերենք ասվածը։

ԱՆՀԱՅՏ- Լա՛վ։ Հանրագումարի բեր, սակայն հետո ես պետք է ինչ-որ բան ասեմ քեզ։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Հիանալի՛ է։ Այսպիսով, անմահությանը հավատալու քննարկումը բերեց մեզ հետևյալ եզրակացություններին։ Առաջին` անմահությանը հավատալն այնքան էլ չի հակասում բանականությանը, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, որովհետև նաև նյութական աշխարհում գոյություն ունեն երևույթներ, որոնք ոչ լիովին են համընկնում մեր սովորական պատկերացմանը նյութի մասին։ Երկրորդ` պայմանականորեն ընդունելով որևէ գոյության ժխտման ճշմարտությունը, բացի նյութականից, մենք եկանք տրամաբանորեն անխուսափելի անհեթեթ եզրակացությունների մի ամբողջ շարքի, օրինակ` կամքի ազատության, բարու և չարի տարբերության ու կյանքի իմաստի հերքմանը։ Երրորդ` այդ անհեթեթ հետևությունները, որոնք հակասում են մեր գիտակցության անմիջական և անկասկած տվյալներին, ստիպեցին մեզ հրաժարվել հիմնական նախադրույթից, որոնցից բխում էին նրանք, այսինքն` մեր հաստատումից, որ ոչ մի այլ աշխարհ, բացի նյութականից, գոյություն չունի, և մարդը միայն այդ նյութական աշխարհի մի մասնիկն է։

ԱՆՀԱՅՏ- Այո, ճիշտ է։ Միայն վերջինը ես չէի կարող ընդունել այդքան կտրական ձևով։ Ես կասեի այսպես` այդ եզրակացությունները կասկածի տակ դրեցին հիմնական նախադրույթն այն մասին, թե մարդը նյութի միայն մի մասնիկն է։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Թող դա լինի քեզ համար այդպես` քո սուբյեկտիվ վիճակն իմ տրամաբանությունից կախում չունի։ Սակայն տրամաբանորեն, այսինքն` օբյեկտիվորեն, ես պնդում եմ, որ անխուսափելի է ոչ միայն այդ հիմնական նախադրյալը կասկածի տակ դնելը այլև լիովին ժխտելը։

ԱՆՀԱՅՏ- Ընդունենք դա։ Սակայն ինձ համար կարևոր է ոչ միայն վերացական կամ, ինչպես դու ես ասում, օբյեկտիվ ճշմարտությունը, այլև սուբյեկտիվ համոզվածությունը։ Հենց դրան էլ վերաբերում է և այն, ինչ ես ուզում էի քեզ ասել։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Այսի՞նքն։

ԱՆՀԱՅՏ- Կարելի՞ է արդյոք հավատ անվանել այն, ինչը տալիս են դատողությունները։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Իհարկե` ոչ։

ԱՆՀԱՅՏ- Տեսնո՞ւմ ես, որ դու էլ ես համաձայն դատողությունների անպտուղ լինելուն։ Ինձ, համենայն դեպս, համոզել կարող են միայն փաստերը, որովհետև անվիճելի վստահություն կարող է տալ միայն փորձառությունը։ Վերացական ապացույցները լավագույն դեպքում կարող են բերել հետևյալ մտքին. «կարող է պատահել և այսպես»։ Եթե «տրամաբանությունը» վերացական հարցերում ունենար մաթեմատիկական ապացույցների ուժը, ապա` այո՛, այն կկարողանար փոխարինել փաստերին։ Սակայն այն գոյություն չունի։ ՈՒ եթե ես չգիտեմ, թե ինչպես հակաճառեմ քեզ, բնավ չի նշանակում, որ դու համոզեցիր ինձ։ Ասա, խնդրեմ, իսկ մեծ գիտնականները, ովքեր հավատ չունեն և ընդունում են միայն նյութական աշխարհը, ինչպե՞ս են պատասխանում նման դատողություններին։ Մի՞թե նրանց հայտնի չեն այլ կարծիքներ։ Ակնհայտ է, որ նրանք կարողացել են առարկել այդպիսի դատողությունների դեմ, միայն ես չգիտեմ դրանց մասին։ Հակառակ դեպքում բոլորը պետք է դառնային հավատացյալ։ Չէ՞ որ բոլորն ընդունում են, որ Երկիրը շարժվում է Արևի շուրջը, որ գումարը չի փոխվում գումարելիների տեղերի փոփոխությունից։ ՈՒրեմն, անմահությունը ոչ մաթեմատիկական ճշմարտություն է։ Այս դատողությունները քո ճշմարտությունն ինձ համար դարձնում են հասարակ հնարավորություն։ Սակայն հնարավորությունը հավատի հարցերում համարյա ոչինչ է։

(շարունակելի)

Տպագրության պատրաստեց

Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 10727

Մեկնաբանություններ